
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ընթերցման: Արդեն սպասում է մեկը, միայն օրենսգիրքը, քանի որ դեկտեմբերի 20-ին խորհրդարանն այն չհասցրեց քննարկել: Փոխարենը օրհներգի մասին օրինագիծը օրակարգի հերթի մեջ առաջինն էր: Բայց սպասվելիք թեժ քննարկումը տեղի չունեցավ, քանի որ քննարկմանը դահլիճում մնացին միայն ՀՅԴ երեք պատգամավոր, անկախ մի քանի պատգամավոր, ՄԱԿ-ից երեք մարդ եւ երեքական պատգամավոր ՕԵԿ-ից ու Արդարությունից:
Ահա այդ պայմաններում էլ տեղի ունեցավ Հայաստանի պետական օրհներգի մասին օրենքի երկրորդ ընթերցման քննարկումը: ՀՅԴ խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարության անփութության հետեւանքով Հայաստանը հայտնվել է առանց օրհներգի վիճակում եւ հարցին այդպես մատների արանքով նայելու համար ինչ որ մեկը պետք է անպայման բարոյական պատասխանատվություն կրի:
Կառավարությունը օրինագծից չի հանել անցումային դրույթը, որով նշվում է, որ «Մեր Հայրենիքը» պետական օրհներգ է այնքան ժամանակ, քանի դեռ նոր օրհներգ չի ընդունվել: Գեղամ Մանուկյանի կարծիքով դա անհարգալից վերաբերմունք է պետության խորհրդանիշներից մեկի հանդեպ: Պատգամավորը կարծում է, որ դա արվում է ընդամենը որոշ անձանց ճաշակը բավարարելու համար:
«Ես սա գնահատում եմ, որպես անցումային կառավարության անցումային օրհներգ», խորհրդարանում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը, նույնպես դժգոհելով, որ կառավարությունն անցումային դրույթով շեշտում է «Մեր Հայրենիքի» ժամանակավոր լինելը: Վիկտոր Դալլաքյանը նույնպես կարծում է, որ այդ անցումային դրույթը անհարգալից վերաբերմունք է պետական խորհրդանիշի հանդեպ: Նա նաեւ ընդգծում է, որ խնդիրը ոչ միայն բարոյական է, այլ նաեւ իրավական ու զավեշտալի: Պատգամավորի կարծիքով, այն հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքին: Վիկտոր Դալլաքյանը զավեշտալի է համարում, երբ օրենքում ամրագրվում է, որ այն ուժի մեջ է մինչեւ նոր օրենքի ընդունումը: Առանց այդ անցումային դրույթի էլ հնարավոր է նոր օրհներգի մասին օրենք ընդունել ու փոխել հինը, ինչու այժմ ընգծել դրա ժամանակավոր լինելը, տարակուսում է Վիկտոր Դալլաքյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

